Հաջողված գործեր

09/22
2026

ԳՈՐԾ №1584․ ՉՓԱՐԱՏՎԱԾ ԿԱՍԿԱԾՆԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆՎՈՒՄ ԵՆ ՀՕԳՈՒՏ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ. ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ (ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ՝ ՄԱՐԻԱՄ ԱՂԱԲԵԿՅԱՆ)

1. Ինչի՞ մասին էր գործը և ինչի՞ էին մեղադրում. Գործը վերաբերում էր խարդախությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մաս): Ըստ մեղադրանքի վարկածի՝ Գրասենյակի շահառուն, իբրև թե իմանալով իր մոտ եղած թղթադրամի կեղծ (հուշանվեր) լինելու մասին, դրանով վճարել է տաքսու վարորդին և ստացել մանր։

 

2. Պաշտպանի գտած կարևոր փաստերն ու գործի առանձնահատկությունները. Հանրային պաշտպան Մարիամ Աղաբեկյանը, ուսումնասիրելով գործի նյութերը, վեր հանեց էական հակասություններ ու տրամաբանական խզումներ։ Նախ, տաքսու վարորդը պնդում էր, որ մանրը վերադարձրել է երեք հատ թղթադրամներով, մինչդեռ շահառուի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել էր ընդամենը երկու թղթադրամ։ Բացի այդ, պաշտպանական կողմն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ կեղծ թղթադրամի վրայի հուշանվեր լինելու մասին գրառումը եղել է խիստ մանր, ինչը գիշերային ժամին և առանց հատուկ ուշադրության, գրեթե անհնար էր նկատել։ Որպիսի հանգամանքը հաստատվեց նաև փորձագետի հարցաքննության արդյունքներով: Հետևաբար, չկար որևէ ապացույց, որ շահառուն ինքը հստակ տեղյակ է եղել թղթադրամի կեղծ լինելու մասին։ Բացի այդ, չապացուցվեց նաև, որ մեղադրյալն ուղղակի դիտավորություն ուներ գումար հափշտակելու: Բացակայում էին նաև այնպիսի օբյեկտիվ ապացույցներ, ինչպիսիք են մատնահետքերը հենց այդ կեղծ թղթադրամի վրա։

 

3. Մարդկային պատմությունը` սկզբունքային պայքար. Շահառուն հայտնվել էր անհեթեթ ու ծանր իրավիճակում, սովորական կենցաղային գործարքը, այն էլ գիշերային ժամի ու հնարավոր թյուրիմացության պայմաններում, վերածվել էր խարդախության ծանր մեղադրանքի։ Քաղաքացու համար բարոյապես ճնշող էր խաբեբայի պիտակ կրելը մի արարքի համար, որը նա դիտավորությամբ չէր կատարել։ Սակայն, հանրային պաշտպանի հետ հետևողականորեն պայքարեց իր բարի համբավի և անմեղության ապացուցման համար։

 

4. Դատարանի վերջնական խոսքն ու արդարացումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Վահե Ջիվանյանի), մանրամասն վերլուծելով ապացույցները և պաշտպանի փաստարկները, արձանագրեց, որ տուժողի ցուցմունքները հակասական են, և չկա որևէ ծանրակշիռ ապացույց, որը հիմնավոր կասկածից վեր կհաստատեր անձի դիտավորությունը և մեղքը։ Ղեկավարվելով անմեղության կանխավարկածով և չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու սկզբունքով՝ դատարանը կայացրեց արդարացման դատավճիռ։

 

5. Պաշտպանի մասնագիտական ուղին. Դեռևս շատ երիտասարդ տարիքում դառնալով փաստաբան, այնուհետ՝ 2023 թվականի սեպտեմբերին համալրելով հանրային պաշտպանների շարքերը, Մարիամ Աղաբեկյանը կարճ ժամանակում կարողացավ մեծ փորձառություն ձեռք բերել և կայանալ որպես պրոֆեսիոնալ: Այս դժվարին, բայց պատվաբեր ուղին նկատելիորեն կոփեց նաև նրա բնավորության գծերը։ Փաստաբանությունը և, հատկապես հանրային պաշտպանությունն իր կյանքում որպես իրական առաքելություն ընդունելով՝ Մարիամ Աղաբեկյանն իր ընդգծված աշխատասիրությամբ ու պարտաճանաչությամբ՝ մեծ եռանդով լծվեց գործին։ Նվիրումն աննկատ չանցավ և, այսօր արձանագրում է լուրջ հաջողություններ՝ վստահորեն կանգնելով քաղաքացու իրավունքների պաշտպանության դիրքերում:

  • Տարածել նորությունը: